Ընդամենը մի ժամ անց Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը, որի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Եվրոպայի փոխչեմպիոններին:Նշենք, որ իտալացիները 4 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը (1934, 1938, 1982, 2006թթ.):Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականները երբեք միմյանց չեն հանդիպել:Ցավոք, մեր հավաքականին այս խաղում չեն կարող օգնել Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին. նրանք որակազրկվել են Բուլղարիայի հավաքականի հետ խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով, իսկ Լևոն Հայրապետյանը հավաքականին չի կարող օգնել, քանի որ նույն խաղում ծանր վնասվածք է ստացել: Հավաքականի կազմում այդ խաղին չի լինի նաև նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը (ըստ uefa.com-ի՝ Հովսեփյանը հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում), ով ավարտեց իր ֆուտբոլային կարիերան: Վերջինիս փոխարեն՝ ավագի թևկապը կկրի Ռոման Բերեզովսկին:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ Վարդան Մինասյանն ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչն է (ըստ goal.com-ի՝ 35.7 %):
Ի դեպ, վերանորոգումից հետո «Հրազդան» մարզադաշտում մեր հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի:
Ընտրական փուլի մեկնարկից ի վեր մեր ընտրանին իր հաշվին ունի գրանցած 3 միավոր. Վարդան Մինասյանի սաները հաղթանակ են տոնել Մալթայի հավաքականի նկատմամբ և պարտվել Բուլղարիայի ընտրանուն: Ի դեպ, խմբի առաջատարներ Բուլղարիայի և Իտալիայի հավաքականներին մերոնք զիջում են մեկ միավորով: Խմբում ընդգրկված Դանիայի և Չեխիայի ընտրանիներն ունեն մեկական միավոր, իսկ Մալթան միավոր դեռ չի վաստակել:
William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում իտալացիներին։ Պրանդելիի գլխավորած հավաքականի հաղթանակը գնահատվում է 1.4 գործակցով, Վարդան Մինասյանի թիմինը՝ 10: Ոչ ոքին ունի 4 գործակից:
Մենք վստահ ենք, որ հավաքականը գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրի և հաղթական նվեր կմատուցի Երևանի 2794-ամյակին:Հուսանք, որ երեկոյան եղանակային պայմանները բարեհաճ կգտնվեն և տհաճ անակնկալներ չեն մատուցի, իսկ ամենավերջում՝ առա՛ջ, տղանե՛ր, Բրազիլիան մեզ է սպասում:
|